Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում գտնվող Հայաստանը հայտնի է իր հարուստ արհեստագործական ավանդույթներով և յուրահատուկ ձեռարվեստով, որոնք արտացոլում են երկրի պատմությունն ու մշակույթը։ Տարբեր քաղաքակրթությունների ազդեցությամբ ձևավորված հայկական արհեստները մարմնավորում են ժողովրդի ստեղծագործական միտքը, տոկունությունն ու գեղարվեստական ճաշակը։ Այսօր զբոսաշրջիկները կարող են ոչ միայն ձեռք բերել հայկական ձեռագործ իրեր որպես հուշանվեր, այլև մասնակցել վարպետաց դասերի՝ ավելի մոտիկից ծանոթանալով դարավոր ավանդույթներին։
Հնագույն նախշերով ոգեշնչված նրբաճաշակ զարդերից մինչև աշխարհահռչակ հայկական գորգեր՝ այցելուների առջև բացվում է գույների, ձևերի և վարպետության հարուստ աշխարհ։ Թեև որոշ արհեստներ ժամանակի ընթացքում մասամբ մոռացության են մատնվել, վերջին տասնամյակում Հայաստանում բացվել են բազմաթիվ նոր արվեստանոցներ։ Դրանք ոչ միայն ազգային ինքնության խորհրդանիշներ են, այլև կամուրջ են անցյալի և ներկայի միջև՝ պահպանելով նախնիների ժառանգությունը։
Եկեք ծանոթանանք այն վայրերին, որտեղ կարելի է ձեռք բերել ձեռագործ աշխատանքներ և տեսնել դրանց ստեղծման գործընթացը։
Հայկական գորգերի պատմությունը ձգվում է հազարամյակների խորքը։ Գորգագործությունը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել հայկական հասարակության կյանքում՝ դառնալով մշակութային ինքնության և ընտանեկան ժառանգության կարևոր բաղադրիչ։ Այս արվեստը հիմնականում փոխանցվել է կանանց միջոցով՝ սերնդեսերունդ։ Գորգը դիտարկվել է ոչ միայն որպես կենցաղային առարկա, այլև որպես մշակութային հիշողության և ընտանեկան պատմության կրող։ Հայկական գորգեր կարելի է հանդիպել նաև եկեղեցիներում։ Գորգագործության ավանդույթը Հայաստանում հայտնի է դեռևս միջնադարից, իսկ V դարի աղբյուրներում արդեն հիշատակվում են գորգեր, որոնք օգտագործվում էին թե՛ տներում, թե՛ եկեղեցիներում։

Հայկական գորգերը առանձնանում են վառ գույներով, երկրաչափական զարդանախշերով և խորհրդանշական պատկերներով։ Գորգագործները սովորաբար օգտագործել են բնական ներկանյութեր՝ ստացված բույսերից և հանքանյութերից։ Առանձնահատուկ համբավ է վայելել որդան կարմիրը՝ հայկական կարմիր ներկը, որը ստացվում էր հայկական կարմրաորդից։
Ժամանակակից Հայաստանում գորգագործության վերածնունդը սկսվել է 1990-ականների կեսերից։ Այս գործընթացում կարևոր դեր են ունեցել Սփյուռքի հայերը, որոնք աջակցել են հայկական գորգերի արտադրությանն ու միջազգային ճանաչմանը։ Այսօր Երևանում կարելի է այցելել «Մեգերյան կարպետ» թանգարան-գործարան, ծանոթանալ հարուստ հավաքածուին և դիտել գորգագործների աշխատանքը։
IX դարում ձևավորված խաչքարերը բացառիկ տեղ են զբաղեցնում հայկական մշակույթում և հոգևոր կյանքում։ Յուրաքանչյուր խաչքար արվեստի ինքնատիպ գործ է, որը զարդարված է խաչերով, բուսական նախշերով, նռան պատկերներով և մանրակրկիտ քանդակազարդերով։ Խաչքարերը սովորաբար տեղադրվում են եկեղեցիների, վանքերի և գերեզմանոցների տարածքում՝ ծառայելով որպես հիշատակի և աղոթքի քարեր։ Դրանք խորհրդանշում են քրիստոնեական հավատքն ու հայկական մշակութային ժառանգությունը։

Խաչքարագործության արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Հայաստանի տարբեր շրջաններում կարելի է հանդիպել հազարավոր խաչքարերի։ Հատկապես հայտնի են Նորավանքի, Գեղարդի, ինչպես նաև Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի վանական համալիրների խաչքարերը։
Շատ զբոսաշրջիկներ կարծում են, թե խաչքարեր կարելի է տեսնել միայն հեռավոր վանքերում կամ լեռնային շրջաններում։ Սակայն դրանց ստեղծման գործընթացին կարելի է ծանոթանալ նաև Երևանի կենտրոնում։ Արամի փողոցում գործում է փոքրիկ խաչքարագործական արվեստանոց, որտեղ անցորդները կարող են դիտել վարպետների աշխատանքը։ Այստեղ հաճախ կազմակերպվում են նաև վարպետաց դասեր՝ ցանկացողների համար։.
Հայկական դուդուկի պատմությունը հաշվվում է ավելի քան հազար տարի։ Այս ավանդական փողային երաժշտական գործիքը պատրաստվում է ծիրանենու փայտից և մարմնավորում է հայկական երաժշտական մշակույթի բազմադարյա ավանդույթները։
Դուդուկի առանձնահատուկ հմայքը նրա պարզ կառուցվածքի և բացառիկ հնչողության համադրությունն է։ Նրա մեղմ ու խոր ձայնը կարող է արտահայտել ինչպես տխրություն, այնպես էլ ուրախություն՝ դառնալով հայկական հոգևոր աշխարհի յուրօրինակ խորհրդանիշ։ Դուդուկը նույնպես ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Գործիքի միջազգային ճանաչմանը մեծապես նպաստել է աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը։ Նրա դուդուկի հնչյունները կարելի է լսել «Գլադիատոր» ֆիլմում և բազմաթիվ այլ հայտնի կինոնկարներում։ Այսօր դուդուկը ոչ միայն երաժշտական գործիք է, այլև սիրված հուշանվեր։ Այն կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, ինչպես նաև այցելել մասնագիտացված արվեստանոցներ, որտեղ ցուցադրվում է պատրաստման ամբողջ գործընթացը։
Հայաստանի պատմական արվեստին և մշակույթին ծանոթանալու լավագույն վայրերից մեկը Հայաստանի պատմության թանգարանն է։ Գտնվելով Հանրապետության հրապարակում՝ թանգարանը պահպանում է հնագիտական արժեքավոր հավաքածուներ, որոնք ներկայացնում են երկրի բազմահազարամյա պատմությունը։
Այստեղ ցուցադրվում են բրոնզի և վաղ երկաթի դարերի զենքեր, կավե սպասք և կենցաղային առարկաներ։ Թանգարանի ազգագրական բաժինը ներկայացնում է հայ ժողովրդի կյանքը տարբեր դարաշրջաններում՝ ցուցադրելով ավանդական տարազներ, արհեստագործական իրեր և առօրյա կյանքի հետ կապված բազմաթիվ նմուշներ։